Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Կուլիսային կնքահայրը»

«Կուլիսային կնքահայրը»
31.08.2026 | 17:24

(կամ՝ անուն, որը դուրս է ժամանակից ու համակարգից)

Որքան էլ ժամանակակից գիտական հանրությունը մարդու դիմագծերի և բնավորության կապն ուսումնասիրող ֆիզիոգնոմիկան համարի կեղծագիտություն, միևնույն է՝ նայելով ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ լուսանկարին, նույնիսկ նրան չճանաչողները վայրկյան անգամ չեն վարանի հերքել այդ թեզը։ Բժշկի խաղաղ ժպիտը խոսում է ավելի բարձր ճշմարտության մասին։

Նրա դիմագծերում բյուրեղացած է այն ներքին ազնվությունը, որը հնարավոր չէ կեղծել։ Հոգնած, բայց միևնույն ժամանակ անսահման բարությամբ ու իմաստնությամբ լեցուն, վստահություն ներշնչող աչքերը խոսում են ավելիի մասին, քան ցանկացած կենսագրական տվյալ։ Դա մի մարդու հայացք է, որը տասնամյակներ շարունակ իր ձեռքերում է պահել թե՛ մարդկային ցավը, թե՛ ուրախությունը։

Նրա կերպարից ճառագող բարությունն ու անդորրը, համադրվելով սպիտակ խալաթին, կերտում են ճշմարիտ Բժշկի այն դասական, ազնվական կերպարը, որին տեսնելիս բուժառուի տագնապն ու վախն ակնթարթորեն տեղի են տալիս անսասան վստահությանը։ Դա արտաքինի և հոգևոր լույսի այն բացառիկ ներդաշնակությունն է, որտեղ դիմագծերը դառնում են ազնիվ վաստակի, խղճի ու անմնացորդ նվիրումի հայելի։

Ժամանակակից աշխարհում, երբ բժշկությունը քանիցս վերածվում է ծառայությունների սառնասիրտ շուկայի, որտեղ հիվանդը «պացիենտ» չէ, այլ «հաճախորդ», իսկ բուժումը՝ զուտ «գործարք», նման նվիրյալների ներկայությունն արդեն իսկ կոչման հաղթանակ է և հույսի աղբյուր։

Առևտրականացված այդ միջավայրում բժշկի պատիվը պահող անհատները «հերթական դեպքի» չոր թղթաբանության հետևում նախ և առաջ տեսնում են ցավի ու տագնապի մեջ գտնվող Մարդուն և հավատարիմ են մնում Հիպոկրատի անխախտ սկզբունքին՝ գործել բացառապես հանուն հիվանդի բարօրության։

Մերօրյա առողջապահական անտերության ու ցնցող իրականության ֆոնին է, որ Աշոտ Սարգսյանի նման անհատների դերը դառնում է վճռորոշ։ Երբ անհոգի մեխանիզմը չի պաշտպանում ո՛չ ցավից կծկված բուժառուին, ո՛չ էլ անմարդկային գրաֆիկից հյուծվող մասնագետին, ասպարեզ են գալիս Նվիրյալները, ովքեր իրենց առաքելությունն իրականացնում են ոչ թե հանուն այդ համակարգի, այլ՝ ի հեճուկս դրա։

Նրանք ապացուցում են, որ Հիպոկրատի երդումը վեհաշունչ խոսքերի շարան չէ, այլ ապրելակերպ, որի կենտրոնում ոչ թե ֆինանսական շահն է, այլ մարդկային կյանքը՝ որպես բարձրագույն արժեք։

Աշոտ Ամիրբարովիչը, ինչպես նրան սիրով ու ակնածանքով անվանում են կոլեգաներն ու բուժառուները, այն եզակի պրոֆեսիոնալներից է, ով կարողացել է անխաթար պահել բժշկության սրբազան խորհուրդը՝ յուրաքանչյուրին ընդունելով ոչ թե որպես հերթական «դեպք», այլ որպես հարազատ մարդ, որն ունի հույսի, սփոփանքի ու ջերմության կարիք։

Նրա կենսակերպն ու գործունեությունն ալտրուիզմի քրեստոմատիական ճշմարտություն են․ բժշկական մեծարժեք ձեռնարկ, որի տպավորիչ էջերը գրվում են ամենօրյա այնպիսի աշխատանքով, որտեղ չկա պրագմատիկ հաշվարկ, այլ կա միայն բարձր պրոֆեսիոնալիզմ և բացառիկ սրտացավություն։

Համակարգում, որը ողողված է թերություններով, բացերով, անարդար կանոններով ու անտարբերությամբ, Սարգսյանների տոհմի ներկայացուցիչների նման բժիշկների համար գլխավոր հրամանատարը սեփական խիղճն է և պատասխանատվությունը մարդկային կյանքի առջև։ Ինչպես Արամի վերափոխած երդման մեջ է ասվում․ «... որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս»։

Բժիշկ Աշոտ Սարգսյանի կենսագրությունը ոչ թե պարզապես աշխատանքային ուղի է, այլ կյանքեր փրկելու, նոր կյանքեր աշխարհ բերելու և հազարավոր ընտանիքների անսահման բերկրանք պարգևելու իսկական ոդիսական։

Ինչպես դիպուկ ու անհուն ակնածանքով նշում է նրա որդին՝ Արամը.

«Աշոտ Ամիրբարի Սարգսյանը մանկաբարձության և գինեկոլոգիայի լեգենդն է, շատ գինեկոլոգների համար՝ կուլիսային կնքահայրը»։

Այս ձևակերպման մեջ չկա չափազանցություն։ «Կուլիսային կնքահայր» լինել նշանակում է լինել այն վստահելի հենարանը, ում դիմում են ամենաբարդ, անելանելի թվացող բժշկական իրավիճակներում, ում փորձառությունը չափանիշ է սերունդների համար, և ում անունն արդեն իսկ որակի ու անվտանգության երաշխիք է։

Ահա թե որտեղ է հանգուցալուծվում նախորդ՝ ««Քարահատումը»՝ վարպետին, երախտագիտությունը՝ հորը» հրապարակման մեջ հիշատակված «քարահատման» ու որդիական խոնարհումի խորհուրդը։ Երբ Արամ Սարգսյանը Հիպոկրատի երդման իր ինքնատիպ տարբերակում «քարահատումը» կամ բարդագույն միջամտությունները վերապահում է հորը՝ «արհեստավոր» Աշոտ Ամիրբարովիչին, դա զուտ գեղեցիկ ձևակերպում չէ, այլ գիտակցված խոնարհում այն Վարպետի առջև, ով տասնամյակներ շարունակ իր անսխալական ձեռքերով է կերտել հայկական մանկաբարձության ու գինեկոլոգիայի պատմությունը։

Այսօր, երբ առողջապահական համակարգը հաճախ կորցնում է իր մարդկային դեմքն ու հոգին, Աշոտ Սարգսյանի տեսակը վերադարձնում է ամենակարևորը՝ հավատը բժշկության սրբազան առաքելության հանդեպ։ Նա ապացուցում է, որ ճշմարիտ վիրաբույժը և ուսուցիչը կերտվում են ոչ թե պաշտոններով, այլ փրկված կյանքերով, ազնվորեն փոխանցված փորձով և սերունդների անսասան հարգանքով։

Կան անուններ, որոնք բժշկության մեջ հնչում են որպես որակի, խղճի ու անսասան վստահության հոմանիշ։ Աշոտ Սարգսյանի վաստակն ու կերպարն է հենց այդպիսին․ դրանք դուրս են ժամանակից ու համակարգային թերություններից։ Նա կերտել է ոչ միայն մասնագիտական դպրոց, այլև բարոյական բարձրագույն չափանիշ, որի առջև որդիական ու մասնագիտական խոնարհումը դառնում է ամենամեծ պատիվը։

Ի վերջո, վաստակը չի չափվում տիտղոսներով կամ թվերով․ այն ապրում է հազարավոր մայրացած կանանց աչքերում, նրանց ընտանիքների խաղաղության և ասպարեզ իջած նոր սերնդի երախտագիտության մեջ։

Բժիշկ Աշոտ Սարգսյանը միայն անցյալի ու ներկայի վարպետը չէ․ նա այն հուսալի կամուրջն է, որով անաղարտորեն անցնում են բժշկական պատիվը, տոհմային ավանդույթն ու մարդասիրության բարձրագույն դասերը։ Եվ քանի դեռ կան նման Վարպետներ ու նրանց առջև խոնարհվող արժանի որդիներ, բժշկությունը կմնա ոչ թե պարզապես արհեստ, այլ սրբազան առաքելություն։

Սա պատմություն էր ոչ միայն վիրաբույժի անսխալական ձեռքի, այլև Մարդու մեծ սրտի մասին, որն իր լույսն ստանալով հորից՝ Ամիրբար Սարգսյանից, անմնացորդ փոխանցել է որդուն և բոլոր աշակերտներին՝ շարունակելով ապրել ու փրկել։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ